Յուրաքանչյուր արվեստագետ պետք է որոշում ունենա՝ ստեղծագործել և իր արվեստով, գործունեությամբ աշխարհը, երկիրն ավելի լավը դարձնել: Մեր նպատակը միայն գեղեցիկ կանգնել, երգել ու ներկայանալը չէ, այլ՝ մեր հասարակության մեջ առկա խնդիրները տեսնել, բարձրաձայնել և առաջարկել լուծումներ մեր երգի միջոցով,– նշում է «Նաիրյան վոկալ անսամբլ»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը, ում հետ զրույցում YerevanStyle-ն իր ընթերցողի համար բացահայտեց թե՛ խմբի պատմությունը, թե՛ նրանց ծրագրերն ու երազանքները:
Ստեղծման նախահիմքը
«Նաիրյան վոկալ անսամբլ»-ը հիմնվելէ 2015 թ-ին «Մուղդուսյան արվեստի կենտրոն»-ի մշակութային ծրագրերի շրջանակներում: Ի սկզբանե որոշել էինք, որ պետք է ներկայացնենք Հայ դասական ժողովրդական երգեր: Տարիների ընթացքում այդ ուղղությունը ընդլայնվեց, սկսեցինք արտասահմանյան գործեր ևս կատարել, այդուհանդերձ, հիմնական շեշտը դնելով հենց մեր ազգային երգերի վրա: Խումբ կամերային է՝ հինգ երիտասարդ կանայք: Մենք մեր ձևով ենք ներկայացնում երգերը: Որոշեցինք, որ երգով պետք է նպաստենք մեր հասարակության մեջ տեղ գտած խնդիրների լուծմանը, սկսեցինք երգել ժեստերի լեզվով՝ իրացնելով լսողության խնդիրներ ունեցող անձանց մշակութային կյանքով ապրելու իրավունքը: Ժամանակի ընթացքում սկսեցինք երգերում կիրառել գործիքներ շտրիխի ձևով՝ կլարնետ, դափ, կախոնև այն, բայց և հիմնականում երգում ենք ակապելլա, բազմաձայն ստեղծագործություններ: Մենք առաջինն ենք, որ Կոմիտասյան երգերը սկսեցինք ներկայացրել ժեստերի լեզվով: Ամբողջ աշխարհում մեկ-երկու խմբերի տեսել եմ, որ երբեմն անդրադռնում են ժեստերին, բայց տարածաշրջանում միակ բազմաձայն երգող խումբն ենք: Միաձայն երգելու ժամանակ բավական հեշտ է երգել ժեստերով, բայց, երբ դու բազմաձայն խմբի կատարող ես, այստեղ խնդիրները կրկնապատկվում են, մենք երգում են ք 4-5 մեղեդային տարբեր գծեր, սակայն ցույց ենք տալիս ժեստերով այդ գծերից միայն մեկի բառերը, մենք պետք է չափազանց կենտրոնացած լինենք երգելիս, որպեսզի թե լսող, և թե չլսող մարդը կարողանան վայելել մեր երգը, հաճելի լինի տեսնելն ու լսելը մեզ: Մեր ուղեղի երկու կիսագնդերն էլ աշխատում են այդ պահին: Ասեմ, որ մեր խմբում երգելը բարդ է, շատ երգչուհիներ չեն կարողանում հաղթահարել ժեստերն ու բազմաձայնությունը։ Այսօր նկատում ենք, որ սկսել են հետևել մեր օրինակին, մյուսներն էլ երգել ժեստերով, և սա մենք մեր հաղթանակներից ենք համարում, ուրեմն կարողացանք վարակել նաև մյուսներին։
Պետք էր գաղափարից անցում կատարել դեպի գործնական դաշտ
Այս գաղափարով՝ երգել ժեստերի եզվով, մենք դիմեցինք տարբեր հիմնադրամների, բայց արձագանք եղավ միայն «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից: Միայն այս կազմակերպության արձագանքից հետո էր, որ մեզ սկսեցին նկատել նաև այլ հիմնադրամներ, կառույցներ: Անցած տարի մենք ստացանք փոքրիկ դրամաշնորհ ԿԳՄՍ նախարարության կողմից, բայց այս տարի նրանք կասեցրեցին երկրորդ փուլը, որի արդյունքում մենք չհասցրեցինք ավելի շատ գործեր թարգմանել, սովորել լեզուն հիմնավոր կերպով և շարունակել ներկայացնել մեր դասականների երգերը նաև ժեստերի լեզվով։
Շատ կարևոր է, որ երգի միջոցով ասելիք ունենաս
Այս պահին մեկ այլ ծրագիր ենք իրականացնում՝ «Երգը հանուն իրավունքի»,այս երաժշտական նախագծի շրջանակում ևս որոշ երգեր կթարգմանվեն ժեստերով: Այս նախագծով մենք անդրադառնում ենք մեր հասարակության մեջ տեղ գտած որոշ խնդիրների։ Առհասարակ, մենք չենք երգում միայն երգելու համար, մենք մեր երգով բարձրացնում ենք ամենատարբեր հարցեր․ ժեստերի լեզվով երգելը թույլ տվեց մեզ կոտրել սոցիալական նորմերը, մյուս երաժիշտները սկսեցին ավելի շատ անդրադառնալ ժեստերով երգերու մտքին, լսող մարդն ինքը ներառվեց լսողության խնդիրներ ունեցող անձանց աշխարհ։
Մենահամերգները իրականացվում ենառցանց եղանակով
Մենահամերգները, համավարակից ելնելով, իրականացնում ենք առցանց եղանակով: Առաջին մենահամերգն արդեն կայացել է, այն կրում էր «Համարձակ եմ» խորագիրը, այս համերգով ցույց տվեցինք, որ մեր մշակույթում կինը ստորադասված չէ, կանայք ազատ են սիրելու, կինը չի դիտարկվել իբրև տղամարդկանց սեփականություն, ինչպես արևելքի մյուս ժողովուրդների մոտ է, մենք մեր երգերով ասացինք, որ դեմ ենք կանանց նկատմամբ բռնությանը, և մեր ժողվրդական երգերի օրինակով ցույց տվեցինք, որ մեր մշակույթին դա բնորոշ չէ, չէ որ մենք դեռ 5-րդ դարում ունեցել ենք կին դերասաններ, 8-րդ դարում՝ կին շարականագիր, ում շարականները երգվում էին եկեղեցում և այսպես շարունակ: Չմոռանամ ասել, որ մենք նաև հեղինակային «Համարձակ եմ» երգն ենք արդեն իսկ ձայնագրել, խոսք՝ Մարիամ Մուղդուսյանի, պատրաստվում ենք տեսահոլովակի նկարահանումներին։
Երկրորդ մենահամերգը առջևում է: Հանդես կգանք օրորոցայիններով, այս համերգը կկրի «Օրոր, նանի» խորագիրը։ Այս անգամ մենք մեկ ուրիշ խնդիր ենք բարձրացում՝ ասելով, որ անկախ սեռից մեր ընտանիքներում երեխան երեխա է: Այդուհանդերձ, վիճակագրական տվյալները փաստում են, որ վերջին 25 տարվա ընթացքում 40.000 աղջիկ երեխա լույս աշխարհ չի եկել՝ սեռով պայմանավորված: Նշեմ, որ այս համերգի ընթացքում կհնչեն թե ավանդական, թե դասական- կոմոզիտորական մշակումներ, և թե հեղինակային օրորներ: Այս համերգին ընդառաջ մենք արդեն իսկ նկարել ենք տեսահոլովակ, այն ավանդական օրորի հիմքով կոմպոզիտորական մշակում է: Երրորդ մենահամերգը նախատեսում ենք քիչ ավելի ուշ: Այն ուղեկցվելու է թեմատիկ ցուցահանդեսով՝ «Ես եմ փյունիկ»։ Այս համերգը նվիրված է լինելու կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին։
Նպատակ ունենք հանդես գալ կոչով
Մենք հանդես կգանք կոչով, որ այսօր գուցե հենց այն օրն է, որ դու պետք է գնաս բժշկի։ Այն կանայք ովքեր հիվանդացել են և հաղթահարել են այս հիվանդությունը, պետք է շարունակեն իրենց գեղեցիկ համարել, շատերը հրաժարվում են բուժվել, ասենք՝ հեռացնել օրգանը հենց այս կարծրատիպային մտածելակերպից ելնելով, ընդհանրապես կանայք պետք է հաճախ գնան բժշկի, մեր անդրադարձի, մեր երգի իմաստը սա է:
Ելույթներ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս
Անցած տարի ելույթներով հանդես եկանք Եգիպտոսում՝ Կահիրեի հայ համայնքի հրավերով։ Ամբողջ համերգը ժեստերի լեզվով է զուգակցվել: Հրավերը, ստացանք, ասացին,որ համայնքում չկան լսողության խնդիրներ ունեցող անձինք, կարող ենք չերգել ժեստերի լեզվով, բայց մենք որոշեցինք երգել ժեստերով: Հրավերների և հնարավորության դեպքում եղել ենք նաև ՀՀ մարզերում, տպավորվել էինք՝ Հաղարծինի վանքում համերգի հնարավորությունից, որի ընթացքում հնչեցրինք, իհարկե, նաև հոգևոր երգեր և շարականներ։
Միջազգային փառատոն ՀՀ-ն ներկայացնելու ենք մենք
Օգոստոսի 22-ից 29-ը առցանց եղանակով մասնակցում ենք միջազգային փառատոնի, որտեղ 12 երկիր է ընդգրկված: Հայաստանը մենք ենք ներկայացնում: Նախատեսվում էհամերգների շարք: Ներկայանալու ենք կենդանի կատարումներով: Փառատոնի ընթացքում, բացի մեր երգացանկի երգերից, պետք է նաև մեկ արտասահմանյան երգ երգենք, որոշեցինք այդ երգ ներկայացնելամերիկյան ժեստերի լեզվով, ամերիկյան ժեստերի լեզվով մեր տարածաշրջանում չեն հաղորդակցվում, բայց քանի որ փառատոնը միջազգային է, որոշեցինք այդ մեկ երգը ամերիկյան ժեստերով երգել։ Երգը Բիթլզի երգերից մեկն է: Ուզում եմ նշել, որ մենք մշտական համագործակցության մեջ ենք ժեստերի լեզվին տիրապետող մասնագետների հետ: Արտասահմանյան երգը ժեստերի լեզվով թարգմանեց՝ Մարինա Ներսեսյանը, իսկ Աննա Բերբերյանը մեր կողքին է եղել մեր այս գաղափարի առաջին իսկ օրվանից, նա է սովորեցնում մեզ ժեստերի լեզուն։
Մերօրյա մեկ կարևորագույն ցանկություն
Համավարակի օրերին առանց հանդիսատեսի ենք երգում, դահլիճները դատարկ են, և սրանից տխուր իրողություն մեր կյանքում չէր կարող լինել: Մեր մեծ ցանկությունն է՝ վերջապես ունենանք հնարավորություն երգելու մեր հանդիսատեսի ներկայությամբ։
Դժվարություններ, որ ծնում են պայքարելու և արարելու ուժ
Դժվարություններ կան՝ սկսած ֆինանսավորման հարցերից վերջացրած տարբեր հոսանքների կողմից թիրախավորվելուց, շատ դժվար է շարունակել աշխատել նաև համավարակի պատճառով, չունենք մշտական ֆինանսավորում, ինքնաֆինանսավորման ևս չենք կարող այս պահին գնալ, քանզի տոմսերով համերգներն արգելված են, բայց մենք ինքներս մեզ խոսք ենք տվել, որ չենք դադարելու, չենք կազմալուծվելու և մինչև վերջ պայքարելու ենք։ Մենք հավատում ենք, որ արվեստը կարող է փոխել սոցիալական նորմերը։ Յուրաքանչյուր արվեստագետ պետք է որոշում ունենա՝ ստեղծագործել և իր արվեստով, գործունեությամբ աշխարհը, երկիրն ավելի լավը դարձնել, եթե չես ստեղծագործում հանուն լավի, ապա ավելի լավ է չանես ոչինչ: Մեր նպատակը միայն գեղեցիկ կանգնել, երգել ու ներկայանալը չէ, այլ՝ մեր հասարակության մեջ առկա խնդիրները տեսնել, առաջարկել լուծումներ մեր երգի միջոցով:
Բոլորով միահյուսվելով մեկ գաղափարի շուրջ ստանում ենք թևեր:
Շատ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում ու հավատում են մեզ, այն մարդկանց, ովքեր մեզ հետ աշխատում են ետնաբեմում: Ոգևորվում ենք ցանկացած դրական արձագանքից, բայց և ողջունում ենք առողջ քննադատությունը։
Discussion about this post