Ամերիկյան Hyperion ավտոարտադրողը ներկայացրել է ջրածնով աշխատող սուպերքարը, որն առանց վերալիցքավորման կարող է անցնել ավելի քան 1600 կմ տարածություն:
Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, ավտոարտադրողի պնդմամբ՝ XP-1 նորագույն գերաարագընթաց մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 355 կմ/ժամ: Եվ միակ բանն, ինչ մեքենան արտանետում է, ջրի գոլորշին է:
Բարձր տեխնոլոգիական ռոդսթերը շուրջ մեկ տասնամյակ տևած մշակումների արդյունք է: Այն ներկայանում է լիաքարշակ համակարգով և եռաստիճան փոխանցման տուփով:
Այն շուկայում կհայտնվի 2022 թվականին՝ համալրելով ջրածնով աշխատող այլ մոդելների շարքը, ինչպիսիք են Honda Clarity-ն, Toyota Mirai-ը և Hyundai Nexo-ն:
Մկրատաձև բացվող դռների հետևում տեղակայված աերոդինամիկ տարրերը, որոնք հեշտացնում են անցումը շրջադարձերում մեծ արագությամբ ընթանալիս, համալրված են նաև արևային վահանակներով:
Սրահի ներսում տեղադրված 98 դյույմ երկարությամբ կորացող էկրանը կառավարվում է ձեռքի շարժումով (առանց հպման):
Ընկերությունը դեռևս չի հայտնել նորույթի գինը, սակայն մասնագետների կանխատեսմամբ այն վեցանիշ թիվ է լինելու:
Discussion about this post