Միշտ ունեցել եմ ցանկություն իմ քաղաքում նոր՝ մի հետաքրքիր բան ստեղծելու, որը քաղաքի առօրյայում մի նոր երանգ կավելացնի…
Այս անգամ YerevanStyle.com-ի զրուցակիցն է 21-ամյա Էմմա Քոսակյանը, ում հետ կապ հաստատեցինք առցանց եղանակով: Նա ևս կիսվեց մեզ հետ հաջողության իր սեփական բանաձևով:
Իմ մասին.
Ծնվել և ապրում եմ Բերդ քաղաքում: Սովորում եմ Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ԿՀՍ ֆակուլտետի Հոգեբանություն բաժնում:Սիրում եմ լինել բնությանը մոտ,այդ հարցում բախտս բերել է, իմ քաղաքը փաթաթված է բնության մեջ: Սիրում եմ անընդհատ սովորել՝ բացահայտել նոր հորիզոններ, նոր ոլորտներ, փորձել, ուսումնասիրել: Չեմ կարող միջանկյալ ինչ-որ փուլում մնալ՝ փորձում եմ միշտ շարժվել առաջ`թեկուզ փոքր քայլերով:
Միշտ ունեցել եմ ցանկություն իմ քաղաքում նոր՝ մի հետաքրքիր բան ստեղծելու, որը քաղաքի առօրյայում մի նոր երանգ կավելացնի.
Սիրում եմ մարդկանց հետ շփվել, հաղորդկացվել, օգնել, եթե կարող եմ՝ նրանց կյանքում ինչ-որ բան դեպի դրականը փոխել. մասնագիտության ընտրությունն էլ մասամբ կապված է դրա հետ: Ըստ այդմ էլ միշտ ունեցել եմ ցանկություն իմ քաղաքում նոր՝ մի հետաքրքիր բան ստեղծելու, որը քաղաքի առօրյայում մի նոր երանգ կավելացնի: Չեմ հասկանում այն երիտասարդներին, ովքեր մայրաքաղաքում կրթություն են ստանում ու այլևս չեն ցանկանում վերադառնալ ծննդվայար,ասելով, որ այս չկա, այն չկա, կրթական-մշակութային կյանքը, ժամանցը պասիվ է: Ուրեմն ո՞վ պետք է այս ամենը փոխի, եթե ոչ մենք, չէ որ բողոքելով ոչ մի հարց չի լուծվում: Ու այդպես որոշեցի իմ փոքրիկ ներդրումը կատարել:Այժմ թե՛հոգեբանությունը, թե՛ ԵԼԱշոԿ-ը միասին են, չեմ կարծում, որ կգա մի օր, որ կտարանջատեմ, քանի որ նրանք, թեև առաջին հայացքից անհամատեղելի են, բայց միմյանց չեն խանգարում: ԵԼԱշոԿը ստեղծվեց այս տարվա մայիսի սկզբին:
Անվան ընտրությունը.
ԵԼԱշոԿը ստեղծվեց այս տարվա մայիսի սկզբին, երբ որոշեցի էջ բացել ու աշխատանքներս տեղադրել, հստակ որոշել էի, որ հենց սկզբից պետք է աշխատանքներս ունենան անուն, ներկայանալի լինեն: Մտածում էի ընտրել այնպիսի անուն, որը լսելով մարդիկ կհասկանան ինչի մասին է խոսքը: Ու քանի որ ելակը ու շոկոլադը միանում, խառնվում էին իրար, որոշեցի այդ բառերն էլ միացնել ԵԼԱԿ+ ՇՈԿՈԼԱԴ՝ ստացվեց ԵԼԱշոԿ:
Պատրաստման բաղադրատոմսը.
Կարելի է ասել՝ սովորել եմ ինքնուրույն: Անընդհատ փորձել եմ տարբեր տեխնիկաներով, մինչև գտա ամենահամեղ տարբերակը: Մինչ օրս էլ անընդհատ սվորում եմ, փորձում նոր տեխնիկաներ, նոր մրգեր, նոր ձևավորումներ: ԵԼԱշոԿ-ը անընդհատ զարգանում է: Իմ էությամբ ես այնպիսին եմ, որ չեմ կարող լճացած մնալ:Մտածել այսպես ստացվում է, որեմն վերջ լավ է :Անընդհատ պրպտում եմ,փորձում….
Ձեր արտադրանքի համի գաղտնիքը.
ԵԼԱշոԿ-ի ամեն տուփիկ եզակի է: Մինչ այժմ իմ կատարած ոչ մի երկու աշխատանք չեմ կարող համեմատել, յուրաքանչյուր պատվեր պատրաստելիս ես ստեղծագործում եմ, փորձում մաքսիմալ նոր ու հետաքրքիր լուծումներ գտնել: ԵԼԱշոԿ-ը տարբեր է նաև մրգերի լայն տեսականիով , պատրաստման տեխնիկայով:
Ձեր համագործակիցները.
ԵԼԱշոԿ-ի համագործակիցները պատվիրատուներն են`մարդիկ, ովքեր նախընտրում են համեղ ու գեղեցիկ տուփիկներ: ԵԼԱշոԿ-ը այս պահին հասանելի է Բերդ քաղաքում, երբեմն եզակի առաքումներ լինում են` Դիլիջան, Իջևան: ԵԼԱշոԿ-ը դեռևս իր փոքր քայլերն է անում ներքին շուկայում:
Գործունության ընթացքում հանդիպած դժվարությունների և հաջողությունների մասին.
Չեմ կարող նշել որևէ կոնկրետ դժվարություն, որովհետև ես դժվարությունների վրա ուշադրություն չեմ դարձնում: Կարծում եմ, որ դա բնական է, եթե նախաձեռնել ես ինչ-որ մի բան պետք է պրոգրես լինի`իսկ դա երբեմն լինում է առաջին հայացքից դժվարությունների տեսքով, սակայն իրականում դրանք հնարավորություններ են: Միանշանակ կային բազմաթիվ բացեր, բայց ամեն օր աշխատում եմ, որպեսզի շտկեմ: Հաջողություններիցս առաջինը՝ իմ քաղաքի մարդկանց դրական արձագանքները, նրանց ոգևորությունը, որ վերջապես կարող են ձեռք բերել համեղը և գեղեցիկը միասին: Բացի այդ՝ վերջերս ԵԼԱՇոԿ-ի մասին ֆիլմ է նկարահանել՝ «Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարը, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ և այժմ ունի 200.000 ավելի դիտում համացանցում: Սա ԵԼԱշոԿ-ի կարևոր հաջողություններից էր, քանի որ այդ օրերին այնքան դրական արձագանքներ ստացա, շատերը, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս իմացան ԵԼԱշոԿ-ի մասին:
Ոգեշնչման աղբյուրս՝
Իմ ոգեշնչման աղբյուրը մարդիկ են՝ դրական, լուսավոր, աշխատող, ձգտող, ստեղծագործող, բարի ու կամեցող, ովքեր սիրում են իրենք իրենց ու իրենց շրջապատող իրականությունը: Այդպիսի մարդիկ կան բոլորիս շրջապատում: Գուցե նրանց հանդիպում եք ամեն օր`ձեր տանը, համալսարանում, իսկ գուցե`փողոցում կամ խանութում չեք ճանաչում, ու չեք էլ խոսում իրար հետ, ուղղակի դրական էներգիա եք ստանում:
«Հաջողության Ձեր բանաձևը».
Հաջողության բանաձևը համարում եմ նախ հավատը ինքդ քո, քո ուժերի, քո նախաձեռնության հանդեպ: Մինչ որևէ գաղափար իրագործելը մտքում պետք է հաղթես բոլոր եթե-ներին, իսկ-երին, բայց-երին, վախերին ու տագնապներին: Այնուհետև արդեն սկսելուց հետո կարևոր է սերը, հետաքրքրությունը այդ աշխատանքի նկատմամբ, կամքը, աշխատասիրությունը: Աշխատանքը պետք է չլինի միայն ֆինանսական կայունություն ձեռք բերելու աղբյուր, այն պետք է լինի ստեղծագործելու, ամեն առաջխաղացմամբ ոգևորվելու, մեծ սիրով էներգիա ու ժամանակ ներդնելու աղբյուր:
Կյանքի Ձեր կարգախոսը.
Կյանքի տարբեր փուլերում տարբեր մտքեր են ինձ ոգևորել, առաջնորդվել եմ տարբեր կարգախոսներով: Ընդհանուր առմամբ իմաստը այն է, որ պետք է միշտ մնալ ուժեղ և հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև միշտ ամեն ինչ ի վերջո լավ է լինում,եթե լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ:
Գործունեության ընթացքում և ընդհանրապես կյանքում հանդիպող դժվարություններն ընդունում եք որպես…
Յուրաքանչյուր դժվարություն ընդունում եմ որպես հնարավորություն: Եվս մեկ շանս, որ տրվում է մեզ փոխելու ինչ-որ մի բան`մեկ քայլ դեպի առաջ, ավելի լավը գնալու համար: Դժվարությունների միջոցով կյանքում, աշխատանքում գրանցում ենք զարգացում,առաջխաղացում:
Գիտեմ, որ նույնիսկ սահմանային լարվածության օրերին չեք դադարել աշխատել.
Այո. սահմանային լարված օրերին, միանշանակ չենք հեռացել: Ապրել ենք, աշխատել`պարզապես ավելի զգոն ու ուշադիր: Երկրի, որ անկյունում էլ աշխատես ունի իր, թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, չեմ ուզում սահմանը առանձնացնել: Այն մեր հայրենիքի մի անկյունն է`շատ սիրուն, ուժեղ ու հաղթական, որտեղ մարդիկ ապրում են այնպես, ինչպես բոլորը այլ անկյուններում:Երբեմն ունենում ենք լարված ու խառը օրեր, բայց դա մեզ դարձնում է ավելի ուժեղ ու անկոտրուն:
Պետք է սկսել, փորձել:
Մի քանի անգամ արդեն խոսել եմ այս մասին: Քանի դեռ չես փորձել ՝ չգիտես կստացվի, թե`ոչ: Բացի այդ, եթե գաղափարդ «ուժեղ » է՝ այն ներսից ուժ է տալիս: Միշտ մտածում էի նոր մի բան սստեղծեմ ու տարբեր գաղափարներ եկան ու անցան, բայց երբ եկավ ԵԼԱշոԿ-ի գաղափարը, այն ինձ ներսից հանգիստ չէր տալիս, կարծես մի մեծ ոգևորություն ու եռանդ կար իմ մեջ, որը ուզում էի պատմել, կիսել բոլորի հետ:
Ապագա պլաններ.
Ցանկանում եմ հետագայում ընդլայնել ԵԼԱշոԿ-ի գործունեությունը: Այդ մասին ավելի մանրամասն կպատմեմ հաջորդիվ:
Զրուցեց Ռուզաննա Աղաբաբյանը
Discussion about this post