Ամերիկյան Միլուոքի քաղաքի 101-ամյա բնակիչ Ջեյք Ջեյքոբսոնը ոչ միայն իր տարիքից երիտասարդ տեսք ունի, այլև հոգով իրեն շատ ավելի երիտասարդ է զգում: Նա բացահայտել է իր երկարակեցության և երիտասարդ մնալու գաղտնիքը, հայտնում է TMJ 4 հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ նա ֆինանսական ընկերությունում կադրերի գծով փոխնախագահ է եղել և թոշակի է անցել 1981 թվականին՝ 64 տարեկանում: Վերջին 9 տարիների ընթացքում նա ապրում է ծերանոցում՝ առանձին բնակարանում:
Տղամարդը կարծում է, որ ծերանալու առաջին պատճառներից մեկը կյանքից հետ ընկնելն է: Ջեյքոբսոնն ամեն օր կարդում է The Wall Street Journal և Միլուոքիի տեղական թերթը, ինչպես նաև ստանում է Time, Sports Illustrated և Scientific American թերթերը:
Տղամարդը պատմել է, որ որպես այդպիսին երկարակեցության ոչ մի գաղտնիք էլ չունի: Ըստ նրա՝ պահանջվում է մի քիչ կարգուկանոն, լավ գեներ, մարզանքներ և սննդակարգ: 101 տարեկանում նա հետևում է իր սննդակարգին և շատ է շարժվում:
Նա նաև չի հրաժարվում ժամանակակից տեխնոլոգիաներից, օգտվում է համացանցից:
Ջեյքոբսոնի կինը նրանից փոքր է եղել 21 տարով և քաղցկեղից մահացել է 2011 թվականին:
Ամերիկացին կարծում է, որ կարևոր է այս կյանքում բարի ու անմիջական լինելը: Ըստ նրա՝ մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես կուզենայիք, որ նրանք վերաբերվեն ձեզ: Նա ցանկանում է, որ մարդիկ իրեն հիշեն որպես լավ մարդու, և դա նրան բավարար է:
Discussion about this post