Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հարցազրույց է տվել իտալական «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին: Ներկայացնում ենք հարցազրույցը մասնակի՝ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տրամադրած թարգմանությունը:
– Ձերդ Սրբություն Կաթողիկոս, վարչապետ Փաշինյանը, ում հետ հարցազրույց եմ վարել, երկու օր առաջ, խոսում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին իբրև մի նոր ցեղասպանություն: Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ:
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում և հրապարակային այլ ելույթներում արձանագրել է փաստը։ Այլ կերպ, քան ցեղասպանություն, դժվար է որակել այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները՝ բացահայտ աջակցությամբ Թուրքիայի և վարձկան գրոհայինների։ Ակնհայտ նպատակ է հետապնդվում ամեն գնով հայաթափել Արցախը, վերացնել հայկական ներկայության բոլոր վկայությունները, ինչը մեր ժողովրդի նկատմամբ կատարվեց նաև հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում։ Ձեռագիրը նույնն է։
Ինչ է, եթե ոչ ցեղասպանություն, խաղաղ բնակչության ռմբակոծումն ու հրետանակոծությունը, խաղաղ բնակավայրերի հետևողական ավերումը, նաև թիրախավորումը եկեղեցիների և մշակութային հուշարձանների՝ այդ առնչությամբ բոլոր միջազգային պարտավորությունների անտեսումով։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան, ինչպես տեսնում ենք, չի հանդուրժում և պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը՝ առիթ չընծայելով անգամ Կարմիր Խաչին կատարելու՝ ռազմի դաշտից զոհվածների մարմինները դուրս բերելու իր հանձնառությունը։
Այո՛, այս գործողությունները Արցախի ժողովրդի դեմ կարող են հանգեցնել ցեղասպանության, այդ եզրի ողջ բովանդակությամբ։
– Քրիստոնյա հայերը պե՞տք է վախ ունենան:
– Մեր ժողովուրդը քաջ և խիզախ է, միասնական ու վճռական։ Պատմությունը տարբեր ժամանակներում մեզ կանգնեցրել է մարտնչելու հարկադրանքի առջև՝ խոփերը զենքի վերածելու, անգամ խաչը՝ սրի։ Սակայն խաղաղասեր մեր ժողովուրդը դա արել է պաշտպանելու իր ինքնությունն ու գոյությունը, իր արարածն ու ստեղծածը, իր սրբությունն ու մշակույթը։ Մեր արիությանը վախկոտություն և վախ երբեք չի խառնվել, որովհետև թիկունքում եղել է հայրենիքը, հայրենի քաղաքն ու գյուղը, մատուռն ու վանքը, հարազատ օջախը, սիրելի անձինք։ Մեր ժողովուրդը մահվան աչքերին հարության հույսով ու հավատով է նայել և երբեք չի վարանել իր արյունը հեղել։ Այդ արյամբ է սրբագործված մեր հայրենի հողը, այդ արյամբ է իրականություն դարձել դարերով փայփայած անկախությունը։
Այսօր Արցախի մեր ժողովրդի պայքարը ազատ ու անկախ կյանքով ապրելու, սեփական ինքնությունը պահպանելու համար է, պայքար է հանուն արդարության։ Այս օրերին մենք ականատեսն ենք նույն ոգու և գիտակցության, երբ մեր ողջ ժողովուրդը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ աշխարհի տարբեր երկրներում հնարավոր բոլոր միջոցներով իր ձայնն է բարձրացնում, լծվում նոր համազգային պայքարի հանուն արդարության։ Այդտեղ վախ չկա և չի կարող լինել։
– Սառը պատերազմի այս բոլոր տարիներին Դուք ունեցե՞լ եք հարաբերություններ ադրբեջանական իմամների հետ գոնե միջկրոնական խաղաղության համար:
– Հարկ է նշել, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, զորավիգ լինելով արցախահայությանը արդար իր իրավունքի պաշտպանության, ԼՂ խաղաղ և ապահով կյանք երաշխավորելու գործում, տարբեր ծրագրերով ու քայլերով հակամարտության առաջին իսկ օրվանից ջանքեր է գործադրել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի սկզբնավորվեց և շարունակում է գործել տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների ձևաչափը։ Վերջին քսան տարիներին Մենք քանիցս ենք մասնակցել այդ հանդիպումներին՝ վերահաստատելով Արցախի հայության ազատ ապրելու իրավունքը և միաժամանակ կոչ ուղղելով կողմերին հիմնախնդիրը միմիայն խաղաղ միջոցներով առաջնորդել հանգուցալուծման:
Ցավոք, եղել են նաև բազում պարագաներ, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից կրոնական հիմնավորումներով երկրորդվել են Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները, հնչեցվել մեր հանդիպումներում արձանագրվող խաղաղասեր ձգտումներին հակասող ելույթներ։
– Ռմբակոծվեց Շուշիի մայր տաճարը, Լեռնային Ղարաբաղի մշակութային մայրաքաղաքը: Ադրբեջանական հրթիռները, սակայն, նույնիսկ չհպվեցին վերջերս Հայաստանի կողմից վերանորոգված մզկիթին: Որքա՞ն ծանր (հանցագործություն) է խոցել պաշտամունքի վայրերը:
– Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժի կողմից հստակ թիրախավորմամբ ու ծրագրավորված կերպով երկիցս հրետակոծության ենթարկվեց ու մեծապես վնասվեց Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ առաջնորդանիստ եկեղեցին։
Սա կրոնակամշակութային արժեքների հանդեպ անհանդուրժողականության և վանդալիզմի դրսևորում է։ Սա սրբապղծություն է, դատապարտելի մի վարքագիծ, որ մեզ հայտնի է ոչ հեռավոր անցյալից։ Ադրբեջանի իշխանությունների՝ կրոնամշակութային արժեքների ոչնչացման այս ավանդական դարձած քաղաքականության հետևանքով դեռևս 1998-2005 թթ. Ադրբեջանում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում քանդվեցին ու փոշիացվեցին հայ քրիստոնեական հնագույն մշակույթի մեկ տասնյակ հազարից ավելի պատմական հուշարձաններ՝ խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինություններ։
Ցավով ենք արձանագրում, որ ժամանակին աշխարհը լուռ մնաց։ Տարիներ անց նույնը կրկնվեց Մերձավոր Արևելքի երկրներում։
– Ի՞նչ սպասելիքներ ունեք միջազգային հանրությունից:
– Գիտատեխնիկական զարգացման շնորհիվ այսօր աշխարհն անհամեմատ փոքրացել է, և որևէ միջադեպ կամ հակամարտություն աշխարհի ցանկացած ծայրում չի կարող աննկատ անցնել և կամ իր ներգործությունը չունենալ պատմության հերթական շրջափուլի վրա։ Ներկա աշխարհի զարգացումներում դժվար է անտարբեր մնալը, քանի որ որևէ հատվածում պատճառվող ցավը, տառապանքը, տեղ գտնող անմարդկային վերաբերմունքն ու անարդարությունը մահաբեր են դառնում այլևս ողջ մարդկության համար և անարձագանք մնալու դեպքում դառնում են նաև մարտահրավեր՝ նետված Արարչին և մարդկային բարոյականությանը։
Միջազգային հանրությունը, առաջադեմ երկրները իրենց վճռական դիրքորոշմամբ պետք է աջակից դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբին և կասեցնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող վտանգավոր գործընթացները, նաև ահաբեկչական-ծայրահեղական ուժերի խմորումները, որոնք կարող են հանգեցնել հումանիտար աղետի և ապակայունացնել ողջ տարածաշրջանը։
Մեր համոզումն է, որ ստեղծված իրավիճակում հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ՝ այդպիսով երաշխավորելով Արցախի բնակչության անվտանգությունը։
Այս է սպասելիքը մեր բարեկամներից, այս է հրամայականը՝ ծառացած քաղաքակիրթ ողջ աշխարհի առջև, բոլոր նրանց առջև, որոնք պատրաստ են գործուն ջանքերով վերջ դնել հնարավոր նոր Հոլոքոստին կամ ցեղասպանության։
Discussion about this post