«Ութ խաղ առանց պարտության, չորս անընդմեջ հաղթանակ, լավագույն արդյունքը երբևէ, առաջին անգամ չորս խաղ առանց պարտության աշխարհի առաջնության որակավորման փուլերում։ Հայաստանը պատմություն է կերտում 2022 թվականի աշխարհի առաջնության ճանապարհին», – սա ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական էջի թիվթերյան գրառումն է Հայաստանի ընտրանու՝ Ռումինիայի դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո։
ՈւԵՖԱ-ն նույնպես որակավորման փուլի պաշտոնական էջում անդրադարձել է Հայաստանի հավաքականի պատմական հաջողությանը։ Լրատվամիջոցները նույնպես զարմացած են, ռուսական մարզական կայքերից մեկն էլ գրել է՝ «Հայաստանի հավաքականը գժվել ու հաղթել է որակավորման փուլի մեկնարկային երեք հանդիպումները։ Ռումինիայի նկատմամբ Երևանում երեկ տարած հաղթանակը կամային էր»։
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, ընդմիջմանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը միանգամից երեք փոփոխություն կատարեց։ Փոխարինման դուրս եկած Էդուարդ Սպերցյանն ընտրանու կազմում իր առաջին հանդիպումը նշանավորեց խփած գնդակով։ Րոպեներ անց, սակայն, ռումինացիները հավասարեցրին հաշիվը, այնուհետև առաջ անցան, Հայաստանի հավաքականը բարձր կամային հատկանիշներ, բնավորություն ցույց տալով կարողացավ խաղավարտին Վարազդատ Հարոյանի գոլի շնորհիվ հավասարեցնել հաշիվը, մի քանի րոպե անց էլ 11 մետրանոց վաստակեց, որն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը։ Այսպիսով՝ 3։2։
Նույն խմբի Գերմանիա – Հյուսիսային Մակեդոնիա զուգահեռ խաղն ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով։
Հայաստանի հավաքականը մեկնարկային երեք տուրերից հետո 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր։
Ֆուտբոլիստներն ապացուցեցին՝ զգում են, թե ինչ է նշանակում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, հետխաղային ասուլիսի ընթացքում ասաց ընտրանու իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
«Ես ուրախ եմ, որ նման հաջողության հասանք: Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին, ֆուտբոլիստներին: Նրանք ամբողջ նվիրվածությամբ այս ընթացքում խաղացին, ջանք ու եռանդ չխնայեցին, այնպես որ այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է», – նշեց գլխավոր մարզիչը:
Discussion about this post