Որքա՜ն հաճախ ենք մենք մտածում այն մասին, թե ինչպե՞ս դուր գալ բոլորին, ի՞նչ պետք է անել դրա համար:
Պետք է լինել ուրախ, հետաքրքիր, բարեհամբույր, կարևոր է նաև կարողանալ լսել դիմացինին: Հատկանիշների այս ցուցակը կարելի է շարունակել շատ երկար, բայց մենք անկասկած պետք է հիշենք, որ չենք կարող դուր գալ բացարձակապես բոլորին:
Թեև անհնար է ամենքի հավանությանն արժանանալ, սակայն լինել այն մարդն, ում հետ հետաքրքիր է զրուցել, լինել հաճելի զրուցակից, սա միանշանակ հնարավոր է:
1. Մի՛ եղեք ձանձրալի
Ճիշտ է, շատ դժվար է հասկանալ, որ այդ պահին մենք ձանձրացնում ենք, քանի որ գրեթե միշտ մենք մեզ լավագույնն ենք համարում: Բայց երբ դուք պատմում եք ինչ-որ հետաքրքիր պատմություն և տեսնում եք, որ մարդիկ արդեն հորանջում են, հնարավոր է՝ այդ պատմությունն այնքան էլ հետաքրքիր չէ, որքան այն թվում է: Փորձե՛ք այն հնարավորինս շուտ ավարտին հասցնել և թույլ տալ խոսել մյուսներին:
Ամենախարիզմատիկ մարդիկ միշտ լավագույն ունկնդիրներն են:
Մարդիկ միշտ սիրում են խոսել հատկապես իրենց հաճելի բաներից, և դա է պատճառը, որ լավ ունկնդիրների պակաս միշտ կա: Տվե՛ք ձեր զրուցակցին հնարավորություն պատմելու ձեզ իր մասին: Ցույց տվե՛ք, որ հետաքրքրված եք իրենով, զրույցի ընթացքում նրան տալով հարցեր:
2. Քննարկե՛ք ձեր զրուցակցի հետաքրքրությունները
Հարցրե՛ք, թե ինչ հոբբի ունի նա: Եվ եթե բարեբախտաբար ձեր հետաքրքրությունները համընկնում են, հմտորեն ծավալե՛ք հաճելի զրույց նրա հետ, իսկ եթե ոչ, ապա խնդրե՛ք նրան մանրամասնել այն, և վստա՛հ եղեք՝ նա դա կանի հաճույքով:
Հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զրույցի ընթացքում բառերը միայն 7% ուշադրություն են գրավում, մնացած ուշադրությունը զրուցակիցը տալիս է ձայնի տոնին և ժեստերին:
Ժպտացե՛ք, եղե՛ք զգացմունքային, մի՛ ընկեք միայն գեղեցիկ բառերի ետևից, հետևե՛ք ձեր ժեստերին, դրանք առավել քան կարևոր են:
3. Շփվե՛ք հետաքրքիր մարդկանց հետ
Մարդիկ, որոնց հետ մենք անցկացնում ենք մեր ժամանակը, մեծ ազդեցություն են ունենում մեր բնավորության վրա:
Մի՛ վախեցեք շփվել ձեզանից խելացի մարդկանց հետ:
Նրանք միայն կօգնեն ձեզ դառնալ ավելի խելացի և հետաքրքիր մարդ հասարակության մեջ:
4. Կարդացե՛ք հետաքրքիր գրքեր
Դիտե՛ք ինտելեկտուալ հեռուստահաղորդումներ, ինքնազարգացումը թող դառնա ձեր կյանքի հավատարիմ ուղեկիցը:
Ամենաճիշտ միջոցը ուրիշների և, ինչո՞ւ ոչ, ինքներդ ձեզ համար հետաքրքիր լինելու՝ հետաքրքիր կյանք ապրելն է:
Եվ հավատացե՛ք, դա ձեզ կտա ավելին, քան պարզապես հետաքրքիր զրուցակից լինելու հնարավորություն:
Discussion about this post