BBC-ն՝ ընդդեմ MSN-ի. իսպանական «Մարկա» մարզական պարբերականը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել ֆուտբոլասերների ուշադրությանը:
Երբ 2014-ի ամռանը հաստատվեց «Լիվերպուլի» արդեն նախկին խաղացող, ուրուգվայցի Լուիս Սուարեսի տեղափոխությունը Բարսելոնա, պարզ դարձավ, որ կատալոնական ակումբում ձևավորվել է գոլահարների մի նոր եռյակ, որի մասին շատ քիչ ակումբներ կհանդգնեին երազել: Անխոս այս երեք տաղանդների համագործակցությունն արժանի հակակշիռ է Ռեալի՝ «BBC» կոչված Բեյլ-Բենզեմա-Կրիշտիանու եռյակի դեմ: Թվերը ևս այս մասին են վկայում. ընթացիկ մրցաշրջանում Լեո Մեսսին, Լուիս Սուարեսն ու Նեյմարը միասին դարձել են 91 գոլի հեղինակ, որը 3 գոլով գերազանցում է մադրիդյան ակումբի հարձակման առաջատարների՝ այս պահին արձանագրած արդյունքից. Ռեալի BBC-եռյակը մինչ այժմ 2014-15թթ պաշտոնական մրցաշարերում խփել է 88 գնդակ:
Marca-ն անդրադարձել է նաև նախորդ տարիներին Ռեալի ու Բարսայի հարձակողական եռյակների խփած գոլերին:
Այսպիսով, լավագույն արդյունքը պատկանում է 2011-12թթ մադրիդցիների Ռոնալդու-Բենզեմա-Իգուաին եռյակին. նրանք միասին դարձել են 118 գոլի հեղինակ: Մեսսիի հետ միասին 100 գնդակ են խփել Սամուել Էտո’Օ-ն ու Թյերի Անրին (2008-09թթ): 2010-11թթ մրցաշրջանում կատալոնացիների հարձակման բռունքցը կազմող Լեո Մեսսին, Պեդրո Ռոդրիգեսն ու Դավիթ Վիլյան դարպասապահներին տխրեցրին 98 անգամ: Եվս 97 անգամ կապտանռնագույնների գոլահար եռյակը գրավեց մրցակիցների դարպասը, երբ առջևի գծում հերթապահում էին Մեսսին, Պեդրոն և ներկայում Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:
Այսպիսով, մրցաշրջանը դեռ չի ավարտվել, իսկ գրանդ ակումբները շարունակում են իրենց անզիջում պայքարը տիտղոսների համար:
Ռեալը դուրս է մնացել արքայական Գավաթի խաղարկությունից, բայց Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների Լիգայում ամենահետաքրքիրը դեռ առջևում է:
Բուռն ընթացքի մեջ է նաև գոլահար եռյակների մրցավազքը, չնայած, ինչպես ֆուտբոլիստներն են նշում, իրենց համար վիճակագրական այս տվյալները լոկ թվեր են և ոչ ավելին: Ինչևէ, մեզ մնում է շարունակել հիանալ ֆուտբոլային տաղանդների գլուխգործոցներով՝ անկախ այն հանգամանքից, թե որ թիմին կամ մարզիկին ենք տալիս մեր նախապատվությունն ու համակրանքը:
Discussion about this post