Բիզնես Փիլիսոփայություն

Հարցազրույց Քըրք Քըրքորյանի հետ

Kirk Kerkorian
Kirk Kerkorian
YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Վիրտուալ-ֆուտուրիստական հարցազրույց:

 

Դուք շատ քիչ եք հարցազրույցներ տալիս, պրն. Քրքորյա՛ն:
Դուք այդ քչերից մեկն եք:

Շոյված եմ: 
Ես էլ կշոյվեի:

Ինչպե՞ս եք: 
Ավելի լավ, քան երեկ:

Ինչո՞ւ, երեկ լավ չէի՞ք: 
Լավ էի, բայց այսօր ավելի լավ եմ: Վաղը կփորձեմ ավելի լավ լինել, քան այսօր և այսպես շարունակ:

Դուք շատ լավատես եք: 
Այո:

Բիզնեսում ավելի կարևոր է լինել լավատե՞ս, թե՞ իրատես: 
Իրատեսությունը բիզնեսում արդեն իսկ լավատեսություն է:

Բայց լավատեսությունը կյանքում դեռևս իրատեսություն չէ: 
Կյանքում միշտ չէ, որ պետք է լինել իրատես: Եթե բոլոր մարդիկ միշտ իրատես լինեին, մենք առաջ չէինք գնա:

Օրինակ, երբ Դուք որոշեցիք դառնալ օդաչու, դա իրատեսակա՞ն քայլ էր: 
Առաջին հայացքից ոչ, հաշվի առնելով, որ ես նույնիսկ մեկ ցենտ չունեի սովորելու համար: Բայց ինձ ընդունեցին:

Սկզբից բռնցքամարտիկ, հետո օդաչու, իսկ հետո բիզնեսմեն: Հետաքրքիր զարգացում է: 
Երբեմն չգիտես, թե որտեղից ուր կհասնես: Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ այդ թերթերը մի օր իմ մասին էլ են գրելու:

Քչերը գիտեն, որ Դուք մասնակցել եք 2-րդ Համաշխարհային պատերազմին: Այն էլ` իբրև օդաչու: 
2.5 տարում ես չվերթներ կատարեցի 4 աշխարհամասերում` հազարավոր ժամեր մնալով օդում:

Դուք վարձատրվում էի՞ք: 
1000 դոլար յուրաքանչյուր թռիչքի համար:

Դուք իսկապես հաջողակ եք: 
Ինչո՞ւ:

Քչերը կարող էին երազել` վարձատրվել պատերազմի տարիներին, այն էլ` 2-րդ Համաշխարհային պատերազմի: 
Այո, բայց հաշվի առնելով վտանգը, կարող էիր չհասցնել վարձատրվել:

Եվ որքա՞ն գումար աշխատեցիք այդ ընթացքում: 
Ես չեմ սիրում խոսել իմ եկամուտների մասին:

Ինչպես բոլոր մեծահարուստները: 
Բայց նրանցից շատերի կենսակերպը խոսում է իրենց եկամուտների մասին:

Ես կասեի ճչում է, ոչ թե խոսում: Օրինակ, Հայաստանում մեծահարուստներն ապրում են ավելի շքեղ կյանքով, քան բազմաթիվ ամերիկյան միլիարդատերեր: 
Շքեղ կյանքով այժմ քչերին կզարմացնես: Հատկապես միլիարդատերերին: Շքեղությամբ փորձում են զարմացնել նրանք, ովքեր ուրիշ այլ բան չունեն զարմացնելու համար:

Օրինակ, ինչո՞վ կարող են զարմացնել ժամանակակից միլիարդատերերը: 
Գաղափարով: Նորարարությամբ: Ներկայիս մեծահարուստները կարող են լինել հեղափոխականներ: Պարզապես պետք է գտնել համարձակ գաղափարներ և իրագործել դրանք:

Իսկ հե՞շտ է գտնել այդպիսի գաղափարներ: 
Այժմ աշխարհում ավելի շատ փող կա, քան գաղափար: Միլիարդավոր դոլարներ անգործության են մատնված բանկերի պահեստներում: Այդ պատճառով, մեծահարուստներն այսօր վիթխարի գումարներ են ներդնում կրթության և գիտության մեջ, որտեղից էլ ակնկալում են ստանալ նոր գաղափարներ: Սա փոխադարձ օգուտ է և՛ հարուստների, և՛ պետության, և՛ հասարակության համար:

Բայց ոչ բոլոր հարուստներն են այդպես առաջնորդվում: 
Դրանում է տարբերությունը` հարուստների և շատ փող ունեցող աղքատների միջև:

Շատ փող ունեցող աղքատներ: Հրաշալի ձևակերպում է, հատկապես Հայաստանի համար: 
Այո, դու կարող ես ամբողջ կյանքում աղքատ մնալ, նույնիսկ, եթե մարմինդ մտնի ամենաթանկարժեք հագուստների մեջ, տեղաշարժվի ամենաշքեղ մեքենաներով: Հարստությունը միայն նյութական բարեկեցությունը չէ:

Իսկ փողով կարելի՞ է երջանկություն գնել: 
Եթե հնարավոր լիներ երջանկությունը գնել, գուցե և կարելի լիներ: Բայց երջանկությունը չես գնի:

Ամեն դեպքում, փողը բավարա՞ր պայման է` երջանիկ լինելու համար: 
Ո՛չ:

Փաստորեն, կարելի է լինել դժբախտ հարուստ: 
Այո, բայց ավելի լավ է տխրել հարմարավետ Մերսեդեսի մեջ, քան ավտոբուսում:

Պրն. Քրքորյան, հոգեբանորեն ի՞նչ է նշանակում լինել միլիարդատեր: 
Որևէ գերբնական բան չի նշանակում:

Երբ դուրս ես գալիս փողոց և հասկանում, որ աշխարհում ամեն բան կարող ես գնել. դա ինչ-որ բան փոխո՞ւմ է մարդու աշխարհայացքում: 
Նախ, ամեն բան չէ, որ կարող ես գնել, օրինակ` հարգանքը կամ իմաստությունը: Բայց ամենազորության այն պատրանքը, որ տալիս է փողը, կարող է մարդուն հավասարապես կատարելագործել կամ դեգրադացնել: Եթե քեզ համար ամեն ինչի չափման միավորը փողն է, ապա դու ավելի շուտ կդեգրադացվես:

Բայց շատերը կնախընտրեն լինել դեգրադացված հարուստ, քան իմաստուն աղքատ: 
Եթե ընտրությունը լիներ այդ երկուսի միջև` գուցե: Բայց կյանքն անսահմանափակ ընտրությունների հնարավորություն է:

Ես Ձեզ հետ համաձայն չեմ: Օրինակ, եթե մարդը ծնվել է աղքատ` նա դա չի ընտրել: Կան բաներ, որոնք մեզ տրվում են առանց ընտրության: 
Խնդիրը մոտեցման մեջ է. մարդը չի ծնվում աղքատ կամ հարուստ: Նա կարող է ծնվել աղքատ ընտանիքում, և դա իր ընտրությունը չէ: Բայց ինչպես նա կապրի իր կյանքը` դա իր ընտրությունն է: Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց աղքատ չեմ մնացել` իմ ընտրության արդյունքում:

Իսկ ինչպե՞ս ընտրել բոլոր տարբերակներից ամենաճիշտը: 
Չկա ամենաճիշտ տարբերակ: Ամեն ինչ շատ պարզ է, եթե քեզ հաճելի է ապրել քո կատարած ընտրության հետ, ուրեմն դա է ճիշտը: Բայց ամեն պահի կարող է հայտնվել մի նոր ընտրություն, որն ավելի հարազատ է քեզ: Ես կարող էի մինչև հիմա թերթ վաճառել, կամ մնալ որպես բռնցքամարտիկ, կամ էլ լինել թոշակի անցած օդաչու:

Իսկ կանանց հարցում է՞լ է այդպես, ամեն պահի կարո՞ղ է հայտնվել ավելի լավ ընտրություն: Դուք ամուսնացել եք երեք անգամ: 
Ես չասացի ավելի լավը, ասացի ավելի հարազատ: Բայց կանայք մասնագիտության պես չեն` իրենք կարող են քեզ ընտրել: Այստեղ ընտրությունը երկկողմանի է (ժպտում է):

Կանանցից միանգամից անցնենք Հայաստանին, պրն. Քրքորյան: 
Հրաշալի անցում է:

Ըստ Forbes-ի 2014 թ. տվյալների, Դուք աշխարհի ամենահարուստ հայն եք: 
Իսկապե՞ս:

Այո: Հայերը Ձեզանով շատ են հպարտանում: 
Ինչո՞ւ: Որովհետև ես հարո՞ւստ եմ:

Գուցե նաև: 
Բայց դրանով պետք չէ հպարտանալ: Եթե այդպես լիներ, արաբներն ամենից հպարտ ժողովուրդը կլինեին:

Բայց հայերը ոչ բոլոր հարուստներով են հպարտանում: 
Իսկ Հայաստանի մեծահարուստներով հպարտանո՞ւմ են:

Ո՛չ: Նրանցից շատերի համար ամաչում են: 
Ինչո՞ւ:

Հիշո՞ւմ եք, ասացիք, որ հարստությունը մարդուն կարող է հավասարապես կատարելագործել կամ դեգրադացնել… 
Ահա թե ինչ:

Պրն. Քրքորյան, վերջում ի՞նչ խորհուրդ կտայիք հայաստանյան մեծահարուստներին: 
Թող լինեն այնպիսին, որ մարդիկ իրենցով ոչ թե ամաչեն, այլ հպարտանան:

Լրագիր

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Մեկնաբանել գրառումը