«Դուք»–ով դիմելաձևը քաղաքավարի դիմելաձև է։
Կիրթ մարդը միշտ էլ խոսակցությունը սկսելիս մարդուն դիմում է «Դուք»–ով, բացառությամբ երեխաներին և պատանիներին: Քանի որ մինչև 14-18 տարեկան երեխա-պատանիներին երբեք չեն դիմում «Դուք»–ով, այլ «դու»-ով: Չնայած պատմության մեջ եղել են դեպքեր, որ օրինակ թագավորը եղել է երեխա, և նրան դիմել են «Դուք»–ով, որը եղել է հարգանքի և պատվի նշան, հակառակ դեպքում հնչում էր արհամարհանքի, երեխային որպես թագավոր չընդունելու նշան:
Քաղաքակիրթ մարդը միշտ «Դուք»–ով է խոսում մարդկանց հետ անկախ իր սոցիալական դիրքից: Եվ միայն «դու»-ով է խոսում իր մտերիմների հետ, որն էլ խոսում է նրանց բարեկամական կապերի մասին:
Ընդամենը վերջին 300 տարվա ընթացքում մարդիկ սկսեցին «Դուք»–ով դիմել միմյանց: Ռուսաստանում ավանդական դիմելաձևը «դու»-ն էր մինչև 16-րդ դարը: 16-րդ դարից սկսած ռուսները ներշնչվեցին լեհերի էթիկետով և սկսեցին իրար դիմել «Դուք»–ով, սակայն կա վարկած, որ այն առաջին անգամ օգտագործել է բարձրաշխարհիկ գրող Անդրեյ Կուրբսկինը իր դիմելաձևի մեջ: Իսկ Պետրոս 1-ինը նպաստեց եվրոպական կուլտուրայի էլ ավելի զարգացմանը, ով ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսատանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը, որի ժամանակ էլ շատ էթիկական նորմեր սկսեցին կիրառել և՛ պետական, և՛ հասարակական ոլորտներում: Այս ամենից հեռու չմնաց Հայաստանը, քանի որ մենք միշտ եղել ենք նրանց լավ բարեկամը և այս դիմելաձևի կուլտուրան հնարավոր չէր որ մեզ չառընչվեր:
Իսկ գերմանացիները իրենց զարգացման միջին փուլում մարդկանց բաժանել էին չորս խավի և ըստ այդմ էլ դիմում էին:
- du –դիմում էին սև ազգին
- еr –այսպես դիմում էին միջին խավի մարդկանց
- Jhr –պաշտոնատար անձանց, որոնք զբաղեցնում էին միջին պաշտոնները
- Sie-իսկ այսպես դիմում էին բարձրաաշխարհիկներին:
Այդ ժամանակ լսելով գերմանացիներին՝ մարդը միանգամից հասկանում էր, թե ով է իր դիմաց կանգնած:
Անգլերենում առաջ եղել է thou-«դու» և ye-«դուք» ձևերը, որոնց հետագայում փոխարինել է you-ն: Այժմ անգլերենի you-ն իր մեջ պարունակում է և «դուք»-ը և «դու»-ն:
Այո, այժմյան անգլերենը չի տարբերում և երկու դեպքում էլ գործածում է նույն դերանունը: Բայց այ օրինակ Շեքսպիրի ժամանակ այս տարբերակումը հետևյալ տեսքն ուներ՝ «thou – դու», «ye – դուք», «thee – քեզ», «you – ձեզ»
Այս ամենը պարզ երևում է Շեքսպիրի 3-րդ սոնետում:
4000 տարուց ավելի մարդիկ դիմել են «դու»-ով, և՛ մարդկանց, և՛ թագավորներին, անգամ Աստծուն:
Իսկ Ֆրանսիայում «Դուք»-ով դիմում էին միայն թշնամիներին: Հիմա էլ կարող է հանդիպեք ֆրանսիացու, ով միանգամից կդիմի անծանոթին «դու»-ով, պետք չէ նրանից նեղանալ և նրան անքաղաքավարի անվանել:
Իսկ ինչու՞ մարդիկ միմյանց սկսեցին «դուք»-ով դիմել, իսկ Աստծուն՝«Դու»-ով։
Շատ քահանաների ուսումնասիրությամբ այն մնաց անփոփոխ: Քանի որ նրանք ասեցին, որ «Դուք»-ով դիմում են այն անձանց, ովքեր անծանոթ են, որոնց հետ պետք է ունենալ միմիայն գործնական շփում, որոշ սահմանների, տարածության մեջ, իսկ Աստված մարդկության համար հանդես է գալիս որպես «Արարիչ», «Հայր», հետևաբար Աստծուն ընդունված չէ «Դուք»-ով դիմել այլ «Դու»-ով, միայն հարգանքի և մեծարանքի նշանն է համարվում «դու»-ի «Դ» տառը մեծատառով գրելը, իսկ մտերիմ մարդկանց դեպքում՝ փոքրատառով: Սա նկատվել է շատ քահանաների օրագրերի մեջ, ովքեր Աստծո հետ զրուցելիս իրենց մտքերը հենց այդպես էլ գրել են, նրանցից է եղել նաև Կոմիտասը …միայն «Դո՛ւ» կարող ես մեզ օգնել », «Քեզ եմ դիմում, «Դո՛ւ» ես միակ հզոր Աստվածը», «միակ Աստված, «Դու» ես մարդկության միակ փրկիչը, Հիսու՜ս» և այլն: Նաև տերունական աղոթքով մարդ Տիրոջը «Դու»-ով է դիմում, որպես իրեն շատ մտերիմ և ամենհարազատ մեկին: Մեկը, ով իր «Հայրն» է, և Մեկը, որից մարդ ակնկալում է ծնողական օգնություն: Առհասարակ Աստծուն դիմելու ձևը մտերմիկ հարաբերությունների հիմքի վրա է, բայց միայն մի նրբությունով, Նրա մասին գրելիս անպայման գրում են մեծատառով. «Դու», «Նա», «Նրա», «Նրան», այդպիսով մարդը իր հարգանքը և մեծարանքն է արտահայտում և նաև առանձնացնում մարդկանցից:
Հոգնակի դիմելաձևի սկզբնական աղբյուրը աստվածաշունչն է, որտեղ Աստված ինքն իրեն հոգնակի է ներկայացնում. «եկեք, մենք, մեր»: Այս հանգամանքից ելնելով քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց հոգնակի դիմելաձևերը ստացան հոգևորականները` որպես աստվածային հատկանիշներ ունեցողներ, իսկ միջնադարյան Եվրոպայում այնքան էր արմատացել այդ գաղափարը, որ ազնվականության համար արդեն սովորական էր հոգնակի դիմելաձևը: Հենց այստեղից էլ մարդիկ սկսեցին հոգնակի ձևով՝ «Դուք»-ով դիմելը, քանի որ այն հուշում էր ազնվականության մասին, այդպես խոսացողները ազնվական մարդիկ էին և «Դուք»-ով դիմում էին ազնվական մարդուն:
Մեր ժամանակակից աշխարհում էլ է գործում այս սկզբունքը:
Մարդու քաղաքավարությունը երևում է նրանից, թե ինչպիսի դիմելաձև ու վերաբերմունք է նա ցուցաբերում մարդկանց նկատմամբ:
Էթիկետի կանոններ, որոնք պետք է անպայման պահպանել մարդկանց դիմելիս:
- «Դու»–ով սովորաբար խոսում են երեխաների, պատանիների, ընկերների, մտերիմների, կամ էլ բարեկամների հետ:
- Առաջին անգամ մարդու հետ խոսելիս միշտ պետք է ասել «Դուք», իսկ մինչև 14-18 տարեկան երեխաներին և պատանիներին երբեք չեն դիմում «Դուք»–ով, այլ «դու»-ով:
- «Դուք»–ով խոսում են անծանոթների, պաշտոնյաների, ուսուցիչ-դասախոսների, բժիշկների, վաճառողների, մատուցողների, տարիքով մարդկանց հետ:
- Կան այնպիսի իրավիճակներ, որտեղ նույն մարդուն դիմում են և «դու»-ով և «դուք»-ով: Օրինակ երբ ընտանիքի անդամները միմիանց հետ են աշխատում, ապա աշխտանքի վայրում պետք է դիմել ըստ պաշտոնի կամ էլ «Դուք»–ով, հակառակ դեպքում դա կստիպի աշխատակիցներին այդքան էլ լուրջ չմոտենալ տվյալ մարդուն:
- Եթե մարդը շարունակում է «Դուք»–ով խոսել, դա կարող է նշանակել որ չի ուզում մտերմիկ հարաբերությունների անցնել, հետևաբար կարելի է պահպանել այդ սահմանը:
- Ուսանողը դասախոսին միշտ պետք է «Դուք»-ով դիմի, անգամ եթե շատ մտերմիկ և երկար ուսումնական ընթացք են իրար հետ անցնում, հակառակ դեպքում ուսանողը ցույց է տալիս անհարգալից վերաբերմունք իր դասախոսի նկատմամբ, սա նաև վերաբերվում է աշակերտ-ուսուցիչ հարաբերությանը, քանի որ ուսուցիչը միշտ էլ մնում է ուսուցիչ: Այս ամենի մասին պետք չէ մոռանալ, անգամ, եթե աշակերտը մեծացել, կամ էլ ուսանողը ավարտել, գնացել է:
- Ուսուցիչը երեխաներին միշտ դիմում է «դու»-ով, օրինակ՝ «դու» Աշոտ:
- Իսկ դասախոսը սկզբից ծանոթանալիս պետք է դիմի ուսանողին «դուք»-ով, իսկ ծանոթանալուց հետո, անցնում է դու ի և ավելացնում անունը կամ ազգանունը, օրինակ՝ «դու» Արմինե կամ էլ «դու» Հովհաննիսյան:
Ցանկացած իրավիճակում պետք է հետևել այս դիմելաձևի էթիկետի կանոններին:
- Երբեք մի շտապեք նոր ծանոթության ժամանակ մինգամից «Դուք»-ից անցնել «դու»-ի: Ընդունված է մի քանի ագամ շփվելուց հետո նոր անցում կատարել: Քանի որ նախ պետք է ճանաչել մարդուն և հետո նրա հետ կառուցել մտերմիկ հարաբերություններ:
- Եթե զրուցակիցների միջև կա սոցիալական և տարիքայի տարբերություն, ապա սկզբից տարիքով մեծը պետք է առաջարկի, որպեսզի «Դուք»-ից անցնեն «դու»-ի:
- Կին-տղամարդ շփման մեջ, կինը ինքը պետք է առաջինը առաջարկի «Դուք»-ից անցնել «դու»-ի: Կան նաև երկրներ, որտեղ «դուք»-ից «դու»-ի անցնելուկնոջ առաջարկությունը տղամարդու կողմից դիտվում է որպես անպարկեշտություն: Կան նաև երկրներ էլ, որտեղ կինը միայն «դու»-ով դիմում է իր ամուսնուն և տղային: Այս հարցում մի փոքր պետք է նրբանկատ լինել՝ ճիշտ գնահատելով իրավիճակը:
Ինչպես ասել է փիլիսոփա Լյուդվիգ Ֆեյերբախը՝ «դու» դիմելաձևը տղամարդու և կնոջ միջև հնչում է լրիվ այլ կերպ, քան «դու»-ն ընկերական միաջավայրում: Հետևաբար կինը և տղամարդը «դու»-ի հետ պետք է շատ զգույշ լինեն, այն ավելի շատ բան կարող է ասել, քան մենք ցանկանում ենք:
- Երբեք մի անցեք «դու»-ի, եթե զրուցակցից թույլատվություն չեք ստացել: Կան դեպքեր որ երբեք հնարավոր չէ անցնել «դու»-ի՝ սոցիալական և տարիքային մեծ տարբերություն պատճառով:
- Կիրթ ղեկավարը կամ տնօրենը միշտ իր աշխատակիցներին պետք է դիմի «դուք»-ով: Աշխատակցին կարող է դիմել «դու»-ով միայն այն ժամանակ, երբ աշխատակիցը նույնն իրեն կարող է թույլ տալ, որն էլ խոսում է իրենց ընկերական հարաբերությունների մասին:
- Իսկ «դուք» դիմելձևը կարող է վիրավորական լինել աշխատակցի համար՝ առանց անունի կամ ազգանունի արտասանմանբ, օրինակ՝ «Լսե՛ք դուք, այս ինչ եք արել » կամ էլ «Է՛յ դուք», ու առհասարակ քաղաքավարի ու կիրթ դիմելաձևի բացակայությունը շատ դեպքերում ցույց է տալիս անարգանք և անքաղաքավարություն, սակայն քաղաքավարի դիմելաձևի առկայությունը դեռ հարգանքի ապացույց չէ, կարևոր են նաև տոնը, ժեստերը, աչքերի ու դեմքի արտահայտությունը:
«Դուք»–ով դիմելաձևին քաղաքավարի է «Դուք»–ով պատասխանելը:
Այսպիսով անծանոթին «դու»-ով դիմելը դիտվում է վիրավորանք, անքաղաքավարություն, իսկ ընկերական հարաբերություններում ճիշտ հակառակը:
Մարդու վերաբերմունքով և դիմելաձևով երևում է նախ նրա քաղաքակիրթ լինելը, ապա նաև, թե ինչ արժեք ունի տվյալ մարդը նրա համար:
Discussion about this post