Մայիսը հաղթանակների ամիս է:
Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ազգի համար կրկնակի տոն է:

Գարնանային այս գեղեցիկ օրը մենք տոնում ենք ինչպես 1945թ. Հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ 1992թ. Շուշիի ճակատամարտում տարած մեր հաղթանակները:
Այո՛, այդ երկու հաղթանակն էլ մերն են, չէ՞ որ Խորհրդային Հայաստանն ու հայ ազգը նշանակալի ավանդ են ունեցել հակահիտլերյան կոալիցիայի տարած կարևորագույն հաղթանակի կերտման գործում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամբողջ ԽՍՀՄ-ից պատերազմ է զորակոչվել 440 000 հայ, այդ թվում՝ Հայաստանից 250 000-ը։ Դա այն դեպքում, երբ Հայկական ԽՍՀ բնակչությունը կազմել է 1 300 000 մարդ՝ 1939 թվականի տվյալներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցող հայերի թիվը հասել է 600 000-ի։ Խորհրդային բանակում Երկրորդ աշխարհամարտի տարիներին պատերազմել է հայազգի 5 մարշալ:
Հարսանիք՝ լեռներում
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Այն մի վճռական շրջադարձ էր, որ բեկումնային ազդեցություն ունեցավ ողջ պատերազմի դեպքերի զարգացման տրամաբանության վրա:
«Հարսանիք լեռներում» գործողության ընթացքում, բուն ճակատամարտը տեղի ունեցավ 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։
Շուշին այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը, ինչպես նաև ամրապնդելու մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։
Discussion about this post