Այսօր Ընտանիքի միջազգային օրն է:
Ընտանիքի միջազգային օրը «International Day of Families» հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1993 թ.:
Սեպտեմբերի 20-ի թիվ 47/237 բանաձևով որոշվել և կոչ է հղվել ՄԱԿ-ի անդամ պետություններին` սկսած 1994 թվականից ամեն տարի մայիսի 15-ը նշել որպես ընտանիքի միջազգային օր:
Դրան հետևելով, օրենքով սահմանված կարգով՝ ամեն տարի մայիսի 15-ին ընտանիքի օրն են տոնում Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Տաջիկստանը, Հունաստանը, իսկ Նախագահների հրամանագրերով` Բելառուսը, Ուկրաինան եւ այլ պետություններ:
Այս ամենից անմասն չմանաց նաև Հայաստանը: 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով, որպես ընտանիքի օր, ամրագրվեց մայիսի 15-ը:
ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը գրավել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա:
- Ընտանիքը հասարակության հիմնական ինստիտուտներից է: Այն մարդու հասարակայնացման առաջին աստիճանն է:
- Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական մասնիկ, համամարդկային արժեքների պահապան է:
- Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը:
- Ընտանիքում է սկսվում մարդու կյանքը: Այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի:
Ընտանիքը սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակություն, առանց որի չի կարող գոյատևել մարդը և չի կարող զարգանալ մարդկային կյանքը:
- Ընտանիքը կայունության և զարգացման գործոնն է:
Ընտանիքը թիմը է, որտեղ հայրը պաշտպանում է, մայրը՝ հոգ տանում, իսկ երեխաները զարգանում են պաշտպանության և հոգատարության մեջ, որից հետո նրանք են դառնում այդ ամենի կրողը:
Այս կյանքում մարդու միակ սեփականությունն իր ընտանիքն է: Կայացած, ուժեղ ընտանիքին ոչնչացնել գրեթե հնարավոր չէ: Ընտանիք ինստիտուտը իրենով շատ ուժեղ է, անխոցելի ամրոց է ցանկացած թշնամու համար: Այն կռվի դաշտ է, բայց այստեղ հայրը, մայրը և երեխաները կռվում են ոչ թե միմյանց դեմ, այլ օտարածին թշնամիների՝ պաշտպանելով միմյանց, իրենց իսկ սեփականությունը՝ ընտանիքը:
Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ մայիսի 15-ը բոլորիս տոնն է: Եվ շնորհակալությո՜ւն Աստծուն այդ հիանալի նվերի համար, առանց որի մարդկային ծնունդը դատապարտված կլիներ:
Ահա՛ թե ինչպիսին է կայացած, ուժեղ ընտանիքը: Կարճ մի տեսանյութ, որը շատ բան է ասում և սովորեցնում…
http://www.youtube.com/watch?v=uuh99FX0UnM
Մարգարիտա Խաչատրյան
Discussion about this post