Ուզում եմ հիշել մանուկ օրերս,
Խաղն ու վազքը մեր սիրելի թաղում,
Անխնա վազքից քրտնած շորերս,
Ժամանակն իրոք արագ է խաղում:
Երգս անպակաս սիրած դպրոցում,
Տաղն իմ զարդարում տոներ ու հանդես,
Թեպետ դպրոցն ինձ հաճախ էր խոցում,
Բայց կարոտում եմ այդ օրերը ես:
Ոմանք խոստացան սարեր ու լեռներ,
Որ օգտվեն իմ մի պատառ հացից,
Իսկ ու՞ր եք հիմա, իմ հացընկերներ,
Էլ չեք տարբերվում օտար մարդկանցից:
Լավ ու վատ օրեր անցանք միասին,
Իսկ հիմա սիրտս մենակ է կենում,
Եկեք մի օր էլ հիշենք մեր մասին,
Ընկերությունը մեկ օր չի լինում:
Շատ բան կհիշեմ ուրախ ու տխուր,
Անցյալն իմ մեծ չէ, բայց ոչ էլ թեթև,
Սակայն անցյալն ինձ ու՞ր կտանի, ու՞ր,
Տխուր անցյալը թռչուն է անթև:
Այսօր կտավն իմ ուրախ ներկերով,
Փոխեց անցյալս ցավոտ վերքերով,
Էլ չեմ տրտմելու, առաջ կնայեմ,
Որ գալիք կյանքիս բարին վկայեմ:
Ռուբեն Կարոյան
Discussion about this post