Գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով։ Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները։
Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ,
2) հանձնվում է առձեռն, կամ
3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով։
Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով:
Դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը։ Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին։
Եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին)։
Discussion about this post