Հին Հունաստանի անվանի իմաստասերներից` Քսանթոսը, մի օր ճաշկերույթի պատրաստություն էր տեսնում:
Նա իր ստրուկ Եզոպոսին հանձնարարում է շուկայից բերել աշխարհի ամենալավ բանը, որպեսզի պատվի հյուրերին:
Ճաշի ժամանակ յուրաքանչյուր հյուրի առջև դրվում է մի աման լեզու: Քսանթոսը զարմացած հարցնում է Եզոպոսին, թե ա՞յս էր աշխարհի ամենալավ բանը: Ստրուկը պատասխանում է.
– Իսկ աշխարհում կա՞ ավելի լավ և ավելի գեղեցիկ բան, քան լեզուն է:
Անշուշտ, դրանից ավելի լավ բան չկա:
Մի՞թե լեզվով չի պահվում ամբողջ փիլիսոփայությունը և ամբողջ գիտական միտքը:
Առանց լեզվի ոչինչ չի կարելի անել` ոչ տալ, ոչ առնել, ոչ գնել: Պետական կարգուկանոնը, օրենքները, որոշումները գոյություն ունեն միայն լեզվի շնորհիվ:
Դրանից են դուրս գալիս ամեն իմաստություն ու զվարթ երգ: Լեզվով են կառուցվում քաղաքներ և մարդիկ իրենց միտքն ու զգացմունքները լեզվով են արտահայտում:
Մեր ամբողջ կյանքի հիմքը լեզուն է, նրանից լավ ոչինչ չկա աշխարհում:
Մի ուրիշ անգամ Քսանթոսը Եզոպոսից պահանջում է ասելով.
– Գնա շուկա և գնիր աշխարհի ամենից վատ և ամենից անպետք բանը:
Ստրուկը դարձյալ լեզու է բերում:
Տերը շփոթվում է ու բարկանում նրա վրա, բայց վերջինս հանդարտ բացատրում է.
– Մի զայրանար, տեր իմ լեզվից վատ ի՞նչ կա աշխարհի վրա:
Լեզուն մեզ բերում է երկպառակություն, դավադրություն, կեղծիքներ, ջարդեր, գժտություններ, նախանձություն, պատերազմ:
Դրանով կործանվում են քաղաքներ, ասվում են ստերն ու հայհոյանքները:
Մի՞թե կարող է մի որևէ ավելի վատ, ավելի տհաճ բան լինել, քան լեզուն է: