Բարոյախրատական պատում
Հին Հունաստանի Թեբե քաղաքը մի բռնակալ իշխան ուներ՝ Արքիաս անունով:
Մի օր Արքիասը խնջույքի մեջ էր:
Աթենքից եկող մի սուրհանդակ շտապ մի նամակ է տալիս բռնակալին, բացատրելով, թե նամակի բովանդակությունը չափից ավելի լուրջ է և կարևոր: Արքիասը խնջույքի ուրախություններին անձնատուր, անտարբերությամբ ասում է սուրհանդակին.
«Լուրջ գործերը վաղվան»
Բռնակալ իշխանի դեմ դավ էր լարված և սուրհանդակի բերածը զգուշացնող նամակն էր այդ մասին:
Արդարև, շատ չանցած, մի քանի դավադիրներ մտնում են խնջույքի սրահից ներս և խեղդամահ անում բռնակալին:
Արքիասի այս խոսքը «լուրջ բաները վաղվան» առածի կարգ է անցել և գրականության մեջ գործածվում է ծաղրելու համար բոլոր անհոգներին ու անտարբերներին:
Հիսուս մեզ զգուշացնում է. «Երեկ անցյալ էր, այլևս մի մտածիր նրա մասին, ետ չես կարող վերադարձնել, վաղվա վրա հույս չունես, անորոշ է ապագան, միայն այսօրն է քեզ պատկանում, ինչ որ պիտի անես, այսօր արա, որ հետո ուշ չլինի»:
Փորձենք շարժվել Հիսուսի խրատի համաձայն:
Եթե հիվանդ ունենք, հենց այսօր այցելենք, գուցե մեր այցելությունը նրան առողջությո՞ւն պարգևի:
Եթե կարիքավոր մեկը ձեզանից օգնություն է խնդրում, մի զլացեք, հենց այդ պահին արեք ձեր բարի գործը: Մի խոսքով ամեն ինչ այսօր:
Գրառում՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյան