Բանաստեղծություններ

Հին ընկերը չի հնանում

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Եվս մի օր մեր կյանքից
Լուռ վերածվեց պատմության,
Նա էլ այս մեծ աշխարհքում
Պատառ էր երջանկության:

Երբ որ վաղը արթնանաս,
Չի լինի ինչպես երեկ,
Առիթն իրար պատվելու
Էլ դժվար թե ետ բերենք:

Կար ժամանակ մոտ էիր՝ կողքիս,
Բաց էր սիրտս սրտիդ դեմ,
Բայց հուշում էր տրտմած հոգիս.
«Կբաժանվեք. ես գիտեմ»:

Շատ անգամ էիր ինձ անտեսում,
Քայլում կողքով ուրիշի,
Իսկ ես լքված դարձյալ խոսում,
Թե ես չասեմ, ո՞վ հուշի.

«Մարդիկ սերդ չեն նկատում,
Ու քեզ հետո չեն հիշի,
Հերի՛ք խաբվես, ժպիտդ անգամ
Չարժանացրին գրոշի»:

Դու չուզեցիր ընկեր մնանք,
Ու հեռու ենք մենք հիմա,
Սառույց դարձած փշրվում է
Մեր մեջ «բարև»-ն ակամա:

Գիտեմ, կողքիդ շատ են եղել
Կեղծ ընկերներ անկասկած,
Բայց քեզ դեպի լավն են շեղել
Աղոթքներս առ Աստված:

Դեմքիդ ժպիտ շատ եմ տեսել,
Որպես դիմակ լուռ լացի,
Ինձ, որ լացիդ շատ եմ հասել,
Չուզեցիր կանչել հացի:

Բաժանումը տալիս է դաս,
Կարոտն էլ ինձ չի մաշում,
Այս տողերը, եթե կարդաս,
Վերջին խորհուրդս են հուշում:

Հին ընկերը չի հնանում,
Որպես մի լաթի կտոր,
Այլ ներում է ու մոռանում
Քո բնույթը կամակոր:

Բա՛վ է նոր ընկերներ փնտրես`
Հներին մոռանալով,
Իսկ թե հնից լավին գտնես,
Կօրհնեմ ձեզ հեռանալով:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանել գրառումը