Կներեք ինձ մարդիկ, եթե
Հաճախ ձեզնից հետ եմ մնում,
Իսկ հանցա՞նք եմ գործում միթե,
Որ իմ գործում սեր եմ դնում:
Երբ նստում եք բամբասելու,
Կամ էլ մեկից չարն ասելու,
Այդ զրույցին ինձ չսպասեք,
Թեկուզ և ինձ օտար ասեք:
Երբ քոնձռոտ ձի եք հեծնում,
Բայց ոչ թե ճամփա գնալու,
Այլ ձիապանին եք քծնում.
Ինձ չսպասեք, ես չեմ գալու:
Խույս եք տալիս առժամանակ,
Թագավորի հրամանից,
Որ խնջույքից հետ չմնաք.
Չեմ ուտելու ձեր ամանից:
Երբ ընկեր եք դուք ինձ կանչում
Որ օգտվեք իմ սեղանից,
Ընկած վախտիս չեք ճանաչում,
Օտար եք ինձ այդ օրվանից:
Վստահութունս վատնեցիք,
Շնորքումս արծաթ փնտրում,
Նույն արծաթով ինձ մատնեցիք…
Ես ձեզնից հեռուն եմ ընտրում:
Լավ է ձեզնից օտար մնամ,
Քան իմ ոտքով մեղքի գնամ,
Կեղծ արցունքով բավ է լացեք,
Խորթ եք սրտիս, հեռու կացեք:
Որոշել եմ լույսով գնամ,
Մութ ճամփեքին ինձ չսպասեք,
Թող ձեր մասին լավն իմանամ,
Թեկուզ ինձնից միշտ բամբասեք:
Ռուբեն Կարոյան
Discussion about this post